Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ուժերը Իրանի Հարավային Ֆարս նահանգում ԻՊ-ի ահաբեկիչների հետ կապված ահաբեկչական ցանց են ոչնչացրել, հաղորդում է Mehr-ը:

Հաղորդվում է, որ ԻՀՊԿ հետախուզական վարչությունը Իրանի Ֆարս նահանգում ոչնչացրել է ԻՊ-ի օպերատիվ եւ մեդիա ցանցը եւ ձերբակալել դրա պարագլխին:

Պարագլուխը, որին ԻՀՊԿ ուժերը հետեւում էին չորս տարի, պատասխանատու էր Իրանի մի շարք նահանգներում, ինչպես նաեւ Թեհրանում ծայրահեղական տարրերի հայտնաբերման եւ հավաքագրման համար։

Ցանցը ոչնչացվել է 2022 թվականի հոկտեմբերին Իրանի Հարավային Շիրազ քաղաքում կրոնական օբյեկտի վրա հրաձգությամբ մահացու հարձակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

2022 թվականի հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահ-ե-Չերագ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է 15 ուխտավոր, եւս առնվազն 40 մարդ վիրավորվել է։