Փաշինյանը կոչ էր անում դուրս գալ ՀԱՊԿ-ից դեռ պատգամավոր եղած ժամանակ, անընդհատ քննադատում էր ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի քաղաքականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը։
Նրա գնահատմամբ՝ ներկայիս կոչերը սոսկ նոր ձեւաչափով այդ ազդանշանների շարունակությունն են։
Նա կարծում է, որ օբյեկտիվորեն ՀԱՊԿ-ն նման հիմքեր տվել է, բայց այլ կերպ չէր կարող գործել։
«ՀԱՊԿ-ն ունի թերություններ, սակայն այդ կազմակերպությունը չի ստեղծվել ռազմական տեսանկյունից ֆունկցիոնալ լինելու համար։ Այն Ռուսաստանին պետք էր հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ներկայությունը հավասարակշռելու համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն բախվեց կոնկրետ մարտահրավերի, նրանից պահանջվեցին կոնկրետ քայլեր, եւ նա դրանց մասամբ պատրաստր չէր, մասամբ քայլեր էր ձեռնարկում եւ փորձում ձեռնարկել։
Կազմակերպության որոշակի անգործությունը կապված է ոչ թե հակահայկական կամ հայանպաստ դիրքորոշման հետ, այլ այն բանի հետ, որ նա ի սկզբանե պատրաստ չէր դա անել ՀԱՊԿ որեւէ անդամի հարցում: Այսօր Ռուսաստանը ներգրավված է հակամարտության մեջ, բայց ՀԱՊԿ-ի ակտիվացման մասին խոսք չկա»,-նշեց Աթանեսյանը։
Նա նշեց, որ Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության նկատմամբ, եւ Հայաստանը կարող է աջակցել կազմակերպությանը Իրանի անդամակցության գործընթացին:
«Կարո՞ղ ենք ՀԱՊԿ-ին հակադրել տարածաշրջանային որեւէ այլ կազմակերպություն, որը մեզ ավելի էական օգնություն կցուցաբերի՝ չստանալով մեր աջակցությունը։ ՀԱՊԿ-ն կամ այլ կազմակերպություն աջակցության դիմաց ինքը պահանջ կներկայացներ։ Իսկ ի՞նչ ենք մենք պատրաստ տալ։ ՀԱՊԿ-ն չի օգնում, բայց չի էլ խանգարում։ Բացի այդ, սա հարթակ է, որտեղ կարելի է շոշափել մասնակից երկրների դիրքորոշումները եւ փորձել ազդել դրանց վրա առանց Ադրբեջանի մասնակցության՝ ի տարբերություն շատ այլ հարթակների, որտեղ Բաքուն ներկայացված է»,-եզրափակեց քաղաքագետը։











