Արցախում առայժմ քաղաքական կոնսուլտիացիաների նախապատրաստական փուլն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Առարկակայական օրակարգ չկա, թե հանդիպումներն ում հետ եւ ինչ ձեւաչափով են լինելու, բայց դերակատարները նախապատրաստական աշխատանքներ են տանում»,- նշեց Արամ Հարությունյանը:
Պատգամավորը տեղյակ չէ՝ կոնկրետ ովքեր են մասնակցելու այդ քննարկումներին։
«Կարծում եմ՝ կան ծրագրեր եւ մոտեցումներ, որոնք միտված են Արցախի շուրջ ստեղծված հանգուցալուծմանը։ Հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահն ակնարկեց, որ Սամվել Բաբայանի առաջարկը միակը չէ, կան այլ կողմեր, որոնք ունեն իրենց պատկերացումները ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ։ Կարծում եմ՝ այս բովանդակության շուրջ քննարկումներ պետք է լինեն՝ որ մոտեցումներն են առավել իրատեսական, իսկ անձերի շուրջը երկրորդական են: Ներքին հարցերը կարեւոր չեն, գլխավորը՝ անվտանգային խնդիրն է։ Մնացածն ածանցյալ խնդիրներ են»,- ասաց Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:
Նշենք՝ Սամվել Բաբայանը հրավիրել էր հանրահավաք, որի ժամանակ պահանջել է իրեն Արցախի պետնախարար նշանակել:





























