Եթե ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախը Ադրբեջան է, դրանով իրենք խախտում են Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ, լինի վարչապետ, նախագահ, թե որեւէ այլ մեկը, իրավունք չունի նման հայտարարություններ անել, որովհետեւ ցանկացած պաշտոնատար անձ, պետական մարմին կաշկանդված է Սահմանադրությամբ: Եթե այդ գործընթացը շարունակվի, իսկ ես կարծում եմ շարունակվելու է եւ ի վերջո, լինեկլու է համապատասխան փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի մջեւ, այդ փաստաթուղթը դեռեւս իրավաբանական ուժ չի ունենալու, քանի դեռ չի վավերացվել ԱԺ-ի կողմից:
Հաշվի առնելով, որ մեր ԱԺ-ն հիմա ավելի շատ ուսապարկերի ժողովածու է, քան իրական պատգամավորների խումբ, եւ հաշվի առնելով, որ ՍԴ-ն 2020-ի սահմանադրական հեղաշրջումից հետո դարձել է գրպանային դատարան, ես որեւէ կասկած չունեմ, որ արհամարհելով Սահմանադրությունը, ԱԺ-ն ՍԴ դրական եզրակացությունից հետո վավերացնելու է այդ պայմանագիրը»,-ասաց Վարդան Պողոսյանը:
Նա նկատեց, որ ՀՀ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, իսկ Սահմանադրության նախաբանում ասվում է, որ հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, ընդունում է այս Սահմանադրությունը:
«Առնվազն երկու հիմնարար սկզբունք կա, մեկն ամրագրված է հենց Հռչակագրի տեքստում, որտեղ խոսվում է Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, որ դա պետության պարտավորությունն է: Երկրորդն անուղղակի է ամրագրված, որը վերաբերում է Արցախին: 1990 թվականի հռչակագիրը իր հերթին հղում է անում 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որտեղ ուղղակիորեն գրված է, որ ճանաչվում է Արցախի ինքնորոշման փաստը եւ նպատակ է դրվում վերամիավորման:
Այդ վերամիավորման նպատակը մնում է ուժի մեջ եւ հռչակագրում նշված համազգային նպատակները ձեռք են բերում պարտադիր ուժ: Ի դեպ, ոչ միայն Սահմանադրությունն է խախտվում, այլեւ Անկախության հռչակագիրը: Հռչակագիրը ՍԴ-ն դիտարկում է որպես անբեկանելի մի փաստաթուղթ եւ որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կատարված քայլ, որը հակասության մեջ կմտնի Հռչակագրի հետ, դա կլինի ապօրինի քայլ»,-հայտարարեց սահմանադրագետը:
Նա հիշեցրեց, որ երբ ժամանակին ՍԴ-ն քննում էր Թուրքիայի հետ հնարավոր պայմանագրի վավերականության հարցը, շատ հստակ նշել է, որ ՀՀ իրավակիրառ մարմինները պետք է վավերացման պարագայում նաեւ առաջնորդվեն 1990-ի հռչակագրով եւ Սահմանադրության դրույթներով: Այսինքն ՍԴ-ն Անկախության հռչակագիրը դիտարկել է որպես առանձին փաստաթուղթ, որին պետք է համահունչ լինեն պետական մարմինների գործողությունները:
«Փաշինյանի կողմնակիցներն ասում են՝ դուք վկայակոչում եք 1992-ի Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումը, դա ընդամենը խորհրդարանի որոշում է եւ դրանով մենք կաշկանդված չենք: Դա եւս կատարյալ սուտ է եւ դեզինֆորմացիա: 1992-ի հուլիսի 8-ի փաստաթուղթը, որպես իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ոչ ոք չի վերացրել: Այդ որոշումը կոնկրետ պարտավորություններ է դնում իշխանությունների վրա, մասնավորապես, որ որեւէ պետական մարմին իրավունք չունի որեւէ ձեւով համաձայնություն տալ, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում»,-ընդգծեց Պողոսյանը:
Հարցին, թե նման փաստաթուղթ ստորագրող պաշտոնյան ի՞նչ պատասխանատվություն է կրելու, սահմանադրագետը պատասխանեց. «Եթե իրականանա այն սցենարը, որի մասին խոսեցի, որեւէ մեկը որեւէ պատասխանատվություն չի էլ կրելու, որովհետեւ իրենք մարսելու են դա եւ դա լինելու է մեր պետականության վախճանը:
Միջազգային իրավունք տեսանկյունից որեւէ նշանակություն չունի, թե ինչքանով է Հայաստանի օրենսդրությունը խախտվել: Շատ կոպիտ խախտումների դեպքում է միայն, որ միջազգային իրավունքը ճանաչում այն արդարացնող հանգամանքը, որ տվյալ պայմանագիրն առոչինչ է, որովհետեւ ամբողջությամբ ոտնահարվել է տվյալ երկրի ազգային օրենսդրությունը: Երբ մենք տեսնում ենք առաջատար խաղացողների, առաջին հերթին հավաքական Արեւմուտքի դիրքորոշումը, ինձ մոտ որեւէ կասկած չկա, որ իրենք աչք են փակելու այդ հարցերի վրա: Դրա համար միակ տարբերակը խուսափելու այս ազգակործան գործընթացից, այս իշխանություններից ձերբազատվելն է: Միայն ժողովուրդը կարող է այս կործանարար ընթացքը դադարեցնել: Այլեւս Սահմանադրությունը չի գործում, մնում է միայն ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում»:
Վարդան Պողոսյանի խոսքով, ընդհանրապես Ալմա-Աթայի հռչակագրի վրա կառուցված հայեցակարգը ի սկզբանե սխալ էր: Կարծում եմ՝ Փաշինյանը հասկանում էր դրա սխալ լինելը, դա անում էր մի պարզ պատճառով, որպեսզի հնարավորինս երկար ժամանակ հանրությունից թաքցներ իր մտադրությունը՝ հրաժարվելու Արցախից»,-հայտարարեց սահմանադրագետը:
ՀՀ 1մմ տարածքի փոփոխության դեպքում հարցը պետք է դրվի հանրաքվեի. սահմանադրագետը՝ «անկլավների» մասին











