Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ կառավարությունը օրը կնշանակի, սակայն օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:

«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է  ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- ասաց նա:

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։