Մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնց դեմ միայն զենքով հնարավոր չէ պայքարել։ Այս մասին մայիսի 18-ին Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։

«Բացի ուրիշներից գործողությունների սպասելուց, կարեւոր է հասկանալ, թե մենք ինքներս ինչ պետք է անենք մեր հայրենիքը փրկելու եւ ծանր վիճակից դուրս գալու համար։ Պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել բոլոր ուղղություններով, որոնցով պատերազմ է մղվում մեր դեմ»,- ընդգծեց նա։

Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետնախարարի պաշտոնում, նրա կարծիքով, հնարավորություն տվեց միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։

«Սա թույլ տվեց ցույց տալ, որ Արցախի հարցը գոյություն ունի ի հակակշիռ նրան, ինչ ասում է Ալիեւը։ Ավելին, համաշխարհային հանրությունը տեսավ, որ Արցախի հարցը նաեւ սրվում է»,- նշեց նախկին նախարարը։