Ես մտածում եմ, որ պատերազմից հետո պարտված իշխանությունը պիտի հեռանա եւ հնարավորություն տա մեջքներս ուղղելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահն այսօր Արայիկ Հարությունյանին կոչ է արել հրաժարական տալ:

«Իսկ թե պարոն Թովասյանն ինչու է այդ հրաժարականի պահաջին հասել, չեմ կարող ասել: Ես թատերական ներկայացումները չեմ ցանկանում մեկնաբանել: Մենք 2020-ի պատերազմից հետո առաջարկել էինք, որ Հարությունյանը հրաժարական տա, եւ երկիրը չհասցնի կործանման եզրին»,- նշեց Մոսիյանը:

Անդրադառնալով Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու որոշմանը՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Կոնսուլտացիաները, զանազան կոմիտեների ստեղծումը հերթական փորձն են, որ մարդիկ իրենց պարտականությունները չկատարեն եւ իրենց պատասխանատվությունը գցեն մարդկանց վրա»:

Մոսիյանն անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Մոսիյանն ասաց. «Դա Նիկոլի դավադիր ծրագրի շարունակությունն է: Նա այն իրավասու անձը չէ, որ խոսի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:

Նշենք՝ Սամվել Բաբայանը հրավիրել էր հանրահավաք, որի ժամանակ պահանջել է իրեն Արցախի պետնախարար նշանակել: