ԱՄՆ-ը նախաձեռնություն է ներկայացրել Իսրայելին, որի շրջանակներում երկու երկրների զինվորականները Իրանի գործողություններին արձագանքելու համար կարող են համատեղ ծրագրեր մշակել, չորեքշաբթի հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան և իսրայելական իշխանությունների անանուն ներկայացուցիչներին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելին ներկայացրել է Իրանի նկատմամբ համատեղ ռազմական պլանավորման գաղափարը, Axios-ին հայտնել են ԱՄՆ-ի և Իսրայելի երեք պաշտոնյաներ»,- հայտնում է պորտալը։

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ սա աննախադեպ առաջարկ է, որը կհանգեցնի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության զգալի զարգացմանը։ Այս գաղափարներն իսրայելական կողմի ուշադրությանն են արժանացել ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի և Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլայի՝ Իսրայել կատարած վերջին այցերի ժամանակ։

Սակայն, ամերիկյան աղբյուրը պարզաբանել է, որ խոսքը չի վերաբերում Իրանի միջուկային ծրագրին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածի պլանավորմանը։

Միևնույն ժամանակ, ըստ Axios-ի, Իսրայելի իշխանությունները կասկածանքով են վերաբերվել ԱՄՆ-ի նախաձեռնությանը` կարծելով, որ Վաշինգտոնը փորձում է Իսրայելին զրկել Իրանի դեմ և հատկապես նրա միջուկային ծրագրի դեմ գործելու հնարավորությունից, եթե Վաշինգտոնն առարկի նման քայլերի իրականացման սցենարին: 

Արդյունքում Իսրայելը չի մերժել Վաշինգտոնի ծրագիրը, այլ պարզաբանումներ է խնդրել։ Ամերիկացի պաշտոնյան Axios-ին բացատրել է, որ ամերիկյան նախաձեռնությունն ուղղված է Իսրայելին աջակցելուն, այլ ոչ թե նրան գործողությունների ազատությունից զրկելուն: Դրա շրջանակներում կողմերը պլաններ կփոխանակեն Իրանի հետ կապված տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում և կքննարկեն, թե ինչպես լավագույնս վարվել տարածաշրջանում Թեհրանի գործունեության հետևանքով առաջացած իրադարձությունների տարբեր սցենարներում։