ԱՄՆ-ը «շատ անհանգստացած է» Ռեշտ-Աստարա երկաթուղու նոր հատվածով, քանի որ երկկողմ նախագիծը «կօգնի Իրանին և Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները»: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Գերատեսչությունը խոստացել է կոնկրետ քայլեր ձեռնարկել նման սցենարը կանխելու համար։
Ռեշտ-Աստարա երկաթգիծը 7,2 հազար կիլոմետր երկարությամբ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՀ) մաս է կազմում։ Մայրուղին հյուսիսում կապում է Սանկտ Պետերբուրգը հարավում՝ հնդկական Մումբայ նավահանգստի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրի շահառուներից մեկն է, քանի որ միջանցքը կմեծացնի Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալը Հարավային Կովկասի, Կասպիական տարածաշրջանի, Իրանի, Հարավային Ասիայի և Պարսից ծոցի երկրների հետ։
Եվրասիական զարգացման բանկը նշել է, որ Հյուսիս-Հարավ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել շուրջ 100 ծրագիր՝ 38,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Ռուսաստանում ընթացիկ և նախատեսվող ծրագրերի մոտավոր արժեքը նախորդ տարվա աշնան դրությամբ կազմել է 12,87 մլրդ դոլար։ Ռեշտ-Աստարա ճանապարհի կառուցման արժեքը կազմում է 1,6 մլրդ դոլար, որից 1,3 մլրդ դոլարը մարվող միջպետական վարկ է, որը նույնպես տրամադրում է Ռուսաստանը։





























