Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաբայանի մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։

Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էր հանդես եկել Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկով: Նա նաեւ առաջարկել էր այդ կոմիտեում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին:

Արթուր Թովմասյանը նաեւ դիմել էր Արցախի նախագահ Արայիկ հարությունյանին՝ ասելով. «Պարոն Նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, ես կարող է կյանքում առաջին անգամ որեւէ մեկին ցավ պատճառեմ. հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ եթե դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է Արցախի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց, ապա ես էլ եմ հեռանում»:

Առաջարկում եմ ՊՊԿ-ի մոդելը, եթե չաշխատեց, հրաժարական տվեք. Արթուր Թովմասյանն՝ Արցախի նախագահին