Ինչպե՞ս կարող եմ լուրջ վերաբերվել Պուտինի եւ Լավրովի հայտարարություններին. պատգամավոր

 

Պուտինն ասում էր, որ Պրահայում Հայաստանը գնացել եւ ընդունել է Ադրբեջանի ինքնիշխանությունն Ղարաբաղի նկտմամբ. դա ասում է մի մարդ, որը պնդում էր, որ Ղարաբաղը եւ հարակից տարածքները եղել են եւ կմնան Ադրբեջանի մասը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 19-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Դա ասում է մի մարդ, որի ԱԳ նախարարը պնդում է, որ Ղարաբաղի հայերը պետք է Կոսովոյի սերբերի իրավունքներն ունենան, այսինքն՝ պետք է ունենան հայերեն խոսելու իրավունք, ոչ ավելին։ Ես ո՞նց լուրջ վերաբերվեմ այդ մարդկանց հայտարարություններին եւ ակնկալիքներ ունենամ իրենց հետ քննարկումներից»,- ավելացրել է նա։

Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով կողմերը պարտավորվել են ապահովել Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան կապը, իսկ երաշխավորը Ռուսաստանն է։

«Լաչինի միջանցքի հինգ կիլոմետրանոց գոտում Ադրբեջանը չպետք է իրավունք ունենա սահմանափակելու ազատ տեղաշարժը։ Մենք բազմիցս ասել ենք, որ Լաչինի միջանցքում պետք է ապահովվի միջազգային ուժերի ներկայությունը, փաստահավաք խումբ, որը կկարողանա որոշել՝ կա՞ արդյոք առիթ կասկածելու, որ ճանապարհն օգտագործվում է ըստ նշանակության, թե ոչ: Ռուսները դրան կողմ չեն բայց իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում, չեն ասում Ադրբեջանին, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետ դնելու իրավունք չունի։

Որպեսզի Լաչինի միջանցքում փաստահավաք առաքելություն գա, պետք է Ադրբեջանի եւ Ռուսաստանի համաձայնությունը։ Եթե Ռուսաստանը նման խնդրանքով դիմի, իհարկե, կընդառաջեն։ Եթե Ռուսաստանը չի ուզում, պետք է ասի՝ ես չեմ ուզում յդ պարտականությունը կատարեմ, իսկ եթե չի կարողանում, պետք է ասի՝ ինձ օգնեք: Ես չեմ հասկանում որ տարբերակն է՝ չի ուզում, թե չի կարողանում, երկու դեպքում էլ լռում է, փորձում է խնդիրները Հայաստանի ուսերին բարդել: Ռուսաստանն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան զբաղվում է դրանց լուծմամբ»,- ընդգծել է պատգամավորը։