Մոսկվայում մայիսի 19-ին կայացել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Դրա ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման եւ Ալմա Աթայի պայմանագրի հիման վրա սահմանազատման գործընթացի հարցով ըմբռնում է նկատվում։ Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է Հայաստանի հետ բանակցությունների դրական դինամիկայի մասին: Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն այս առիթով նշում է, որ եթե բանակցությունների մասնակիցներից որեւէ մեկը կարծում է, որ առաջընթաց է նկատվում, ուրեմն այն ուրվագծվել է։
«Բայց ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ բոլոր բանակցություններին»,-հավելեց քաղաքագետը: Նման վերաբերմունք փորձագետի մոտ ձեւավորվել է հատկապես Բրյուսելում բանակցությունների վերջին փուլից հետո։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցությունների արդյունքում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են հայտնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին եւ, համապատասխանաբար, քսանինը հազար ութ հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի եւ ութսունինը հազար վեց հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով Ադրբեջանի ամբողջականությանը:
Նա հավելեց, որ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում: «Այնտեղ Ալիեւն ու Փաշինյանը սիրալիր շփվում էին՝ չնայած նրան, որ հսկայական քանակությամբ խնդիրներ այդպես էլ չլուծված ու չքննարկված են մնում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտինովը։ Նա կարծում է, որ հակամարտության երկու կողմերը՝ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, սովոր են այդ հակամարտությանը՝ որպես ներքին եւ արտաքին քաղաքականության անբաժանելի մաս:
«Մարդկանց խաղաղություն է պետք։ Անդրկովկասում մարդկանց խաղաղություն է պետք, ընդ որում՝ արդար եւ երկարատեւ խաղաղություն։ Մարդկանց խաղաղություն է պետք, իսկ քաղաքական գործիչներին՝ չգիտեմ․․․Նրանք սովոր են, որ պատերազմը կարեւոր եւ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ քաղաքական բովանդակության միակ բաղադրիչն է։ Այս բոլոր խոսակցությունները, քմծիծաղները, միմյանց նկատմամբ կասկածելի հռետորաբանությունը խորամանկություն են։ Խաղաղությունը պետք է Հայաստանին, խաղաղությունը պետք է Ադրբեջանին»,-եզրափակեց փորձագետը։
Արամ Դանիելյան





























