Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին Ստամբուլում հանդիպում է ունեցել Աթա դաշինքի առաջնորդ Սինան Օհանի հետ, հաղորդում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրները:
Փակ դռների հետեւում հանդիպումը տեւել է մեկ ժամ, պատմել են աղբյուրները։
Հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը վերջերս հայտարարել է, որ «չկա այնպիսի բան, որի շուրջ չկարողանան պայմանավորվել նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ երրորդ թեկնածու Սինան Օհանը, քանի որ նրանց հռետորաբանությունն այնքան էլ տարբեր չէ»։
Վերջին պահին քարոզարշավի մեջ մտնելով՝ 55-ամյա ազգայնական Օհանը կիրակի հավաքել է ձայների 5,2 տոկոսը։ Ընտրություններն անցել են երկրորդ փուլ, քանի որ ո՛չ Էրդողանը, ո՛չ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն չեն հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:



























