31 տարի առաջ մայիսի 18-ին, արցախյան գնդերի հետ միասին, մենք ստեղծեցինք կյանքի ճանապարհը, որը դարձել է համախմբման ճանապարհ։ Ցավոք, 5 տարի առաջ իշխանության եկան նրանք, ովքեր ստիպեցին մեզ հանձնվել։ Այս մասին այսօր երթում ունեցած ելույթում, որը մեկնարկել է Կոռնիձորից դեպի հայ-արցախյան սահման, ասել է Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Մինասյանը։

«Եկան մարդիկ, որոնք փորձեցին տրորել մեր արժանապատվությունը, փորձեցին նվաստացնել մեզ, վախկոտների պիտակ ունեցող ազգի վերածել մեզ։ Բայց մեր ազգը այդպիսին չէ։ 26 տարի ես Արցախ եմ գնացել հպարտությամբ, արժանապատվությամբ, որպես հաղթանակած հրամանատար, բայց ես պարտվել եմ վերջին 5 տարում հինգ անգամ»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ իր առաջին պարտությունը եղել է 2018-ին ներկա իշխանությունների գալստյամբ։

«Երկրորդ անգամ ես պարտվել եմ, երբ 2020թ. այս իշխանություններն արհեստականորեն մեզ տարան պարտության։ 2021թ. ես պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք։ 2022թ. ես պարտվել եմ, երբ սկսեցին բաժանել եւ նվիրել մեր սահմանները թուրքերին։ Հիմա ես պարտություն եմ կրում ամեն անգամ։ Ամեն օր պարտություն եմ կրում, երբ սպանում են հաղթանակած գեներալի։ Ամեն օր ես պարտություն եմ կրում, երբ բանտ են նետում իմ գեներալներին։

Ամեն օր ես պարտություն եմ կրում, երբ ձեռք են բարձրացնում ամենասրբազանի դեմ՝ մեր եկեղեցու։

Ամեն օր ես պարտություն եմ կրում, երբ դատում են հերոսի մորը»,- ասել է Մինասյանը։

Արցախյան ազատամարտի մասնակիցն ընդգծել է, որ Արցախը մենակ չէ։

«Ոտքի ելիր, հայ ժողովուրդ։ Արցախը մենակ չէ։ Մենք բոլորս արցացխի ենք։ Մենք բոլորս հայ ենք։ Մենք բոլորս մի ժողովուրդ ենք։ Ես կոչս հասցեագրում եմ ողջ հայությանը։ Ես կոչս հասցեագրում եմ Սփյուռքին։ Ես ուզում եմ, որ Արցախն իմանա. Արցախը մենակ չէ։ Մենք Արցախի հետ միասին ենք, Արցախը մեզ հետ միասին է։ Ես՝ որպես հայ ժողովրդի զավակ, ես՝ որպես տարիքս առած մարդ, պատրաստ եմ մշտապես լինել Արցախի հետ, Արցախի կողքին, մեր համախմբված ժողովրդի կողքին։ Ոչ ոք իրավունք չունի բաժանել մեզ։ Ոչ ոք իրավունք չունի կոտրել մեզ։ Մեր տեսակը կոտրվողներից չէ։ Հայ ազգը երբեք չի կոտրվի։ Այն ամենն, ինչ ասում են սրանք, սուտ է, կեղծ։ Տեսեք, խնդրեմ։ Մեր թիկունքում Բերձորն է, Քաշաթաղը, որոնք բաժանում են մեզ մեր Արցախից։ Մենք իրավունք չունենք մենակ թողնել Արցախը։ Մենք պարտավոր ենք միասին լինել մեր Արցախի հետ, ամեն օր, ամեն ժամ։

Մենք ենք Արցախի տերը։ Ոչ ոք իրավունք չունի հանձնել Արցախը։ Արցախը մերն է, իսկ մենք պատկանում ենք Արցախին։ Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ հանուն Արցախի։ Ոչ ոք իրավունք չունի բաժանել մեզ։ Այսօր ես ուզում եմ կոչով դիմել մեզ բոլորիս, կրկնում եմ, ամբողջ աշխարհի հայերին. եղեք Արցախի տերը։ Դուք իրավունք չունեք Արցախը հանձնել ինչ-որ ոջիլների պատճառով...

Թուրքերը նստած են Երեւանի կենտրոնում, մեր մեջ։ Մենք պարտավոր ենք քշել այդ թուրքերին»,- ամփոփել է Աշոտ Մինասյանը։