ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանն այսօր Կոռնիձորից դեպի հայ-արցախյան սահման մեկնարկած երթի ելույթի ժամանակ կոչով դիմեց ադրբեջանցի երիտասարդներին:
«Բնականաբար, ես իմ խոսքերը չեմ ուղղի Ադրբեջանի իշխանություններին կամ Ալիեւին։ Ես ուզում եմ իմ կոչը, իմ խոսքն ուղղել ադրբեջանցի երիտասարդներին, այո, հենց երիտասարդներին։
Մենք այստեղ չենք եկել որպես էկոակտիվիստներ կամ բնապահպաններ։ Մենք եկել ու կանգնել ենք այստեղ՝ ազգային ազատագրական շարժման ջահը մեր ձեռքին, եւ ասում ենք ձեզ ՝ ձեր ներկայիս իշխանությունների դիրքորոշումը վաղը ձեզ արնաքամ է անելու»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ այսօր այս կամ այն պատճառով ադրբեջանցիները հաղթողի դիրք են գրավել, բայց միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ դա ժամանակավոր է:
«Դուք չեք վայելելու մեր Շուշին ու Հադրութը։ Դուք չեք վայելելու մեր հայրենիքը։ Մենք Արցախի կողքին ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք կկոտրենք այն ձեռքը, որը կստորագրի հակահայկական փաստաթուղթը»,-նշեց նա։
««Հարսանիք լեռներում» կրկին լինելու է, եւ մենք մասնակցելու ենք այդ հարսանիքին։ Մենք ենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու»,-եզրափակեց Սարգսյանը։











