Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանին, եւ մեզանից ձախ ու աջ մինչեւ ատամները սպառազինված թշնամին է գտնվում։ Նրանց դիրքերը երեւում են այստեղից։ Մենք ասում ենք. «Մենք ձեզանից չենք վախենում։ Մենք լի ենք վճռականությամբ։ Մենք եկել ենք, որպեսզի ասենք, որ մենք ենք մեր երկրի տերը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կոռնիձորից մինչեւ հայ-արցախյան սահման մեկնարկած երթի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։
«Մենք եկել ենք, որպեսզի ասենք, որ մենք չենք ընդունի այն, ինչը ցանկանում են պարտադրել մեզ։ Մենք ընդվզելու ենք դրա դեմ։ Մենք անվավեր ենք ճանաչելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք կստորագրվեն այս ժողովրդի կամքի դեմ։ Մենք եկել ենք, որպեսզի ասենք, որ չեք մարսելու այն, ինչ ձեռք եք բերել, որովհետեւ դուք կռվում եք ուրիշի հողերի համար։ Դուք չեք հաղթի։ Հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ արդարությունը մեր կողմն է, իսկ դուք ջանում եք զավթել ուրիշի հողերը»,- ասել է նա։
Ըստ Մարգարյանի՝ հայ երիտասարդությունը չի հաշտվի այս իրողության հետ, չի հաշտվի այդ պարտության հետ։
«Նրանք ազգային ազատագրական շարժում կսկսեն, նրանք թշնամու ոտքերի տակ կայրեն զավթված հողերը...
Թող ոչ ոք չվախեցնի մեզ թշնամով։ Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որոնք 1990-ից մասնակցել են ազգային ազատագրական պայքարին։
Հավատացեք, այն ժամանակ էլ մեր մեջ կային վախկոտներ, բայց քաջերը միշտ լի են վճռականությամբ, նրանք են ստեղծում իրավիճակը։
Ես համոզված եմ, որ մեր պայքարն ընդլայնվելու է, տարածվելու է։ Մենք կհասնենք մեր իրավունքներին։ Մենք կազատագրենք Արցախը շրջափակումից, մենք կազատագրենք զավթված Հադրութը եւ Շուշին, Շահումյանը եւ Գետաշենը։
Ես հավատում եմ դրան եւ վստահ եմ, որ մեր երիտասարդությունը վայր չի նետի այդ պայքարի դրոշը, կշարունակի այն, եւ մենք կհասնենք հաջողության»,- ընդգծել է նա։











