«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնին սարքավորումներ եւ կահույք է նվիրել: «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով եւ ինտերնետով:
«Այս արարողությունը նվիրվում է զբոսաշրջության միջազգային օրվան, որը նշվել է այս շաբաթ: Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է` «Beeline հանուն պայծառ ապագայի», եւ հաճելի է, որ, առաջնորդվելով այդ կարգախոսով, մենք ուսանողների համար ապահովում ենք կրթական գլոբալ աղբյուրներին, աշխարհի լավագույն օրինակներին եւ զբոսաշրջության ոլորտի ճանաչված արհեստավարժների փորձին ծանոթանալու հնարավորություն» - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Որախ ենք, որ մեր մասնագիտացված Բուհը այդպիսի նվեր է ստանում հենց մեր մասնագիտական տոնի առթիվ: Բուհի ուսանողների եւ դասախոսների անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը լսարանը համակարգչային տեխնիկայով հագեցնելու եւ կահավորելու, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում ներդրում կատարելու համար», - նշել է Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը:
Հայկական տուրիզմի ինստիտուտը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է եւ հավատարմագրված է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Հայաստանում Բուհը գործում է 2002 թվականից եւ հանդիսանում է Եվրոպական առաջատար դպրոցների ասոցիացիայի անդամ:




























