All Media ընկերությունը գործարկել է Հայաստանում առաջին գովազդային ցանցը` AdNet.am-ը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց All Media-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Ցանցը հանդիսանում է ռուսական AdFox համակարգի հայկական ինտերնետ հարթությունում հարմարեցված տարբերակը: Ցանցը հնարավորություն է տալիս տարբեր ինտերնետային կայքերին` համատեղել գովազդային քաղաքականությունը: Այսինքն` ցանցի գործընկեր կայքերը կարող են օգտվել միեւնույն գովազդատուի պատվերներից: Ըստ Ա. Մարտիրոսյանի` դա ձեռնտու է եւ գովազդատուին, որը խնայում է միջոցներ, եւ կայքերին` որոնք լրացուցիչ գովազդներ ստանալու հնարավորություն ունեն: 

Ա.Մարտիրոսյանի խոսքով` AdNet-ը կմիավորի բացառապես որակյալ ինտերնետ ռեսուրսներ: Նշենք, որ AdNet-ի տեխնիկական գործակումը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Ներկա դրությամբ այն ունի օրական 30 հազ. այցելու: Ա. Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նոր գործընկերներ ներգրավելու շնորհիվ մինչեւ տարեւերջ այդ թիվը շեշտակի կբարձրանա, ու գովազդային ցանցն իր ընդգրկվածությամբ կզիջի միայն Odnoklassniki.ru-ին ու Facebook.com-ին: