Չեմ կարծում, որ Արեւմուտքը բռնում է որեւէ մեկի ձեռքը եւ թույլ չի տալիս այդ պարտավորությունները կատարել ամենատարբեր՝ անվտանգության, ռազմատեխնիկական, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված ոլորտներում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը չի գործում մի պարզ պատճառով. կազմակերպությունը չի նշում, թե կոնկրետ որտեղ է գտնվում Հայաստանի տարածքը: Նա պարզաբանեց, որ հիմնարար խնդիրը հենց դա է, եւ հենց որ ՀԱՊԿ-ն դա հստակ ընդգծի, խնդիրների 90 տոկոսը կվերանա: 

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը որեւէ ազդանշան չի ստանում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին: «Չեմ կարծում, որ նման ազդանշան երբեւէ կլինի։ Մենք թափանցիկ քննարկում ենք մեր երկկողմ հարաբերությունները ռուս գործընկերների հետ։ Այս քննարկումներում մութ կողմեր չկան մեր մտահոգությունների վերաբերյալ, որոնք մենք ունենք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցում՝ կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ»,-նշեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունը պահելը Ռուսաստանի պարտավորությունն է, Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ «Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտում է։ Ռուսաստանը պետք է իր վերահսկողության տակ պահեր միջանցքը։ Հայտարարության մեջ ընդգծված է շփման գիծ հասկացությունը, խոսվում է շփման գծի սահմաններում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների մասին: Մենք ոչ մի խնդիր չենք ստեղծել, այլ հակառակը՝ օգնել ենք, ինչով կարողացել ենք, որպեսզի այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն։ Ես չէի ցանկանա, որ Արեւմուտքից որեւէ ենթադրյալ հայտարարություն դառնա կարեւոր կամ առանցքային գործոն»,-հավելեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում ամենակարեւոր գործոնը փոխադարձ պարտավորություններն են եւ այն, թե որքանով են այդ պարտավորությունները կատարվում: