Եթե Հայաստանը դե յուրե որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Երեւանը արձանագրի, որ կազմակերպությունը հեռացել է Հայաստանից։ Այս մասին, այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանեց, որ այդ դեպքում ՀԱՊԿ անդամակցության դե յուրե կարգավիճակը Հայաստանին ընդամենը կխանգարի այլ երկրների հետ քննարկել անվտանգության հարցեր: 

Փաշինյանը պարզաբանեց, որ ՀԱՊԿ-ի հեռանալը նշանակում է կազմակերպության ստանձնած պարտավորությունների չկատարում։ «Հարցը օրակարգից հանված չէ։ Քանի դեռ քննարկելու բան կա, հարցը կքննարկվի։ Դուք կարծում եք, որ Հայաստանն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա գնելու հնարավորություն չունե՞ր։ Ուներ։ Այդ հնարավորությունները փակվեցին, եւ դա բացատրվեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ»,-նշեց նա։    

Նա տեղեկացրեց, որ Ղրղըզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է, հնարավոր մասնակցության ձեւաչափը եւս լրացուցիչ կքննարկվի: