Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն կարող են մարտահրավերներ լինել այն առումով, որ Ադրբեջանն Արեւմուտքում նրանց ներկայությունը կարող է օգտագործել Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, իսկ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը բերում է նրան, որ ռիսկեր կան, իսկ ռիսկերի կառավարում չկա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է իրավիճակն անհիմն ներկայացնել այնպես, որ Հայաստանն, իբր, ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում եւ թաքնվում ԵՄ դիտորդների թիկունքում: «Հարցնում են՝ ինչո՞ւ է Հայաստանը համաձայնել ԵՄ առաքելության տեղակայմանը, իսկ ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը՝ ոչ։ ՀԱՊԿ - ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ ամրագրված են փոխադարձ պարտավորություններ, բայց երբ այս հարցում տեսնում ենք դիսոնանս, ապա գործընկերներին կոչ ենք անում նախ լուծել այդ դիսոնանսի հարցը, հետո արդեն մոնիթորինգի հարցը»,-ասաց նա։
Փաշինյանը պարզաբանեց, որ Եվրամիության հետ Հայաստանը նման դիսոնանս չունի, քանի որ չկա անվտանգության մասին փաստաթուղթ, որի կետերը եվրոպացիները չեն կատարում: «Մենք մեր տարածաշրջանում անվտանգությունը տեսնում ենք առաջին հերթին խաղաղության հասնելու ճանապարհով։ Եթե մեր ընկալումն այն է, որ մեզ վրա պետք է անընդհատ հարձակվեն կամ մենք անընդհատ պետք է պաշտպանվենք երրորդ ուժի օգնությամբ, ապա ինչ-որ պահի այդ երրորդ ուժը կարող է հրաժարվել իր դերից։ Դրանից հետո մենք կարող ենք միայնակ հայտնվել թշնամու միջավայրում։ Մենք դա արդեն մեկ անգամ տեսել ենք, եւ սա մեր պատմության ամենաողբերգական էջն է։ Դրա մասին չմտածելը կնշանակի դավաճանություն Հայաստանի շահերին»,-եզրափակեց նա։




























