Ադրբեջանը, բանակցություններին զուգահեռ, շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
Նախարարն ընդգծեց, որ շրջափակումը լուրջ հումանիտար խնդիր է առաջացրել եւ խաթարել այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը, ինչպիսին ԿԽՄԿ-ն է։
«Ակնհայտ է, որ դա էթնիկ զտումների քաղաքականության մի մասն է», - ասաց նախարարը՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, արդյունավետ քայլեր ձեռնարկել։ Դրանց թվում նախարարը նշեց Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու, բոլոր գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։
Միաժամանակ նախարարը հայտարարեց, որ չնայած բանակցություններին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ինչը հակասում է Պրահայում եւ Սոչիում ընդունված հայտարարություններին։
Այնուամենայնիվ, Միրզոյանը հայտարարեց Ալմա Աթայի հռչակագրին Երեւանի հավատարմությունը եւ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով հաղորդակցությունների բացման պատրաստակամությունը: Ինչպես նշեց նախարարը, անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել առանց ուժի կիրառման եւ դրա կիրառման սպառնալիքի, լուծել սահմանների սահմանազատման, մարդասիրական խնդիրները, ապահովել միջազգայնորեն երաշխավորված երկխոսություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համար։




























