Անհնար է այնպիսի գործընթաց, որը կենթադրի մեր հանրության ապագայի մասին փաստաթղթի ստորագրում այդ հանրությունից գաղտնի։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն ապահովել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումն իրենց հողի վրա։ «Այս նպատակին հասնելու ճանապարհին մեզ չի հետաքրքրում, թե քանի քաղաքական ուժ կվերանա աշխարհի երեսից»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումն իրենց հողում պատկերացնում են միջազգային մեխանիզմների ստեղծման միջոցով։ «Մենք հայտարարություն ենք արել, որը խոսում է մեր պատրաստակամության մասին։ Ադրբեջանը Բրյուսելում նույնպես հայտարարություն է արել։ Բայց այս ամենը պետք է հանձնվի թղթին, որից հետո անհրաժեշտ է գնահատել հնարավոր ռիսկերը։
Կա սահմանազատման եւ սահմանագծման խնդիր, անկլավների հարցը պետք է առանձին քննարկվի, եւ խոսքը նաեւ Հայաստանի օկուպացված տարածքների մասին է։ Երբ դա ամրագրվի թղթի վրա, այն ժամանակ հանրությունն ամեն ինչ կտեսնի։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի»,- շեշտեց պատգամավորը։
Այժմ բանակցություններ են ընթանում, եւ քանի դեռ գործընթացը ընթացքի մեջ է, համաձայնագրի կետերի վերաբերյալ արտահայտված կարծիքը, նրա կարծիքով, հետագա բանակցություններում ճկունություն թույլ չի տա։ «Երբ մենք մոտեցնենք մեր դիրքորոշումները, երբ ապահովված լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կմ տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգություն եւ ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ ժամանակ քննարկումներ կանցկացնենք հանրության հետ, կհասկանանք, թե ինչ իրավական գործընթաց է ենթադրում այս փաստաթղթի ստորագրումը»,- պարզաբանեց Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորը կրկնեց վարչապետ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Հայաստանում ոչ մի իշխանություն չի ասել մի բան, որը տարբերվում է գործող իշխանությունների ասածից։











