«Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը` արմատական իմամ Անվար ալ-Ավլաքին, ում ոչնչացնելու մասին լուրը տարածել էր Եմենի ՊՆ-ն, ողջ եւ առողջ է: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով ծայրահեղական առաջնորդի եղբայրներից մեկին, հաղորդում է korrespondent.net-ը:

Ավելի վաղ Եմենի ՊՆ-ն հայտարարել էր ալ-Ավլաքիի ոչնչացման մասին` իր մի քանի կողմանկիցների հետ միասին, չկոնկրետացնելով գործողության մանրամասները: Եմենի լրատվամիջոցները հայտնել են, որ ալ-Ավլաքին սպանվել է երկրի հարավում գտնվող Աբյան նահանգում` ամերիկյան անօդաչու սարքերի հարվածներից:

Ինչպես հաղորդում է «Սինհուան», իրենց աշխատակիցներին է զանգել իմամի եղբայրը եւ հայտարարել, որ ալ-Ավլաքին ողջ է եւ չի գտնվեն այն մեքենաների մեջ, որոնց հարվածել են անօդաչու սարքերը:

Իսկ ահա Associated Press-ը նշում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հաստատում են ալ-Ավլաքիի մահվան լուրը: