Իշխանությունները սարսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից, քանի որ դրանք քաղաքական ուժերի համար հավասար, ստարտային հնարավորություն են ստեղծում, իսկ դա պարտություն է, մահ իշխանությունների համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Ես հիմա հարցնում եմ` ինչ ենք ուզում: Եթե ուզում ենք, որ այս երկիրը ժամ առ ժամ դատարկվի, մարդիկ հուսահատությունից հասնեն ինքնասպանության, աշխարհի մեծերը ոնց ուզեն, խուզեն մեր գլուխը, ուրեմն թողնենք, որ ոչինչ չփոխվի: Իսկ եթե փոփոխություն ենք ուզում, որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավարության կղզյակ, իսկ Ղարաբաղի հարցը ղարաբաղանպաստ լուծվի, մենք միանշանակ պիտի գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:

«Ես շատ եմ ուզում, որ իշխանությունները հասկանան, որ արդարությունն անհամեմատ ավելի կարեւոր է, քան ցանկացած գնով հաղթանակը: Երբ Կայենը սպանեց իր եղբորը, տեսականորեն ինքը հաղթեց, բայց Աբելի մահը մարդկության ամենամեծ խարանը դարձավ: Պարոնայք իշխանավորներ, դուք 3 տարի առաջ 10 անգամ սպանեցիք ձեր եղբայր Աբելին, ավանդույթ մի դարձրեք դա»,- նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Արամ Սարգսյանի խոսքով, Կոնգրեսը վճռական է եւ առանց աջուձախ նայելու, առաջ է գնալու:

«Ովքեր կողքից փնթփնթում են, հիասթափեցնում են: Էն ուժը, որ էսքան պայքարում է, ձեր կռռալով ու ձեր չարախնդությամբ չի պրծնելու, իսկ եթե ուզում եք որ Կոնգրեսը պրծնի, քվեարկեք, որ գա իշխանության, թեեւ կասկածում եմ, թե էդ ժամանակ Կոնգրեսը կպրծնի»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Անդրադառնալով իշխանությունների հետ երկխոսության թեմային, Ա. Սարգսյանն ասաց. «ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցող երկխոսությունը փաստացի դադարեցվել է: Որովհետեւ իշխանությունները ուզում էին, որ մենք երկխոսենք, անկապ խնդիրների շուրջ` ինչ շոր հագնի հիվանդը, ինչ ուտի հարսանիքում, իսկ մենք ասում էինք, որ նախ պիտի ախտորոշել հիվանդությունը, բուժել հիվանդին»:

Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի