Ադրբեջանն ունի հստակ խոսույթ՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, եւ այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա և միջազգային հանրության հետ ՀՀ-ն երկխոսություն է ունենում, Ադրբեջանն էլ ասում է, որ Հայաստանն էլ իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում և իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում: Ասում են՝ հա մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, ենթադրեք, և եթե նա հարձակվի մեր վրա, օրինակ՝ ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կկանգնի: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ ասում է՝ այո կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ: 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է որոշում կայացնել՝ կամ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86.6 հազար ք/կմ է այլ 45.7 հազար ք/կմ: Ադրբեջանն էլ կարող է ասել՝ ուրեմն մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29.8 հազար ք/կմ է, այլ՝ 8700ք/կմ է։

«Վերահաստատում եմ Բրյուսելում հաստատված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն, հուսով եմ՝ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար ք/կմ-ն: Նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար ք/կմ չէ, այլ մինուս X թիվ է, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար ք/կմ չէ, այլ մինուս X ինչ-որ թիվ է, ինչքան թիվ է՝ դա էլ կորոշվի նրանից, թե այդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ համաձայնության երեք փուլ է եղել․ Ալմա Աթայի հռչակագիրը,  երկրորդում՝ Պրահայում այդ հռչակագրի վերահաստատումն է եղել և երրորդը քայլը Բրյուսելում տարածքների փոխադարձ ճանաչումն է՝ կոնկրետ  նշագրումներով, իսկ հաջորդը պետք է լինի քարտեզի վրա այդ տարածքի որոշումը:

«Այստեղ մենք պետք է վերցնենք Խորհրդային միության քարտեզները, և մեր դիրքորշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային  Միության Գլխավոր շտաբի քարտեզները։ Սա կամաց-կամաց ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային գործընկերներ էլ են սկսում այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»,- նշեց նա։