Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, որը լիովին չի օգտագործվում: Նման հայտարարությամբ այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Գոլդեն Թյուլիփ» հոյւրանոցում զբոսաշրջության օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Վարչապետը հատկապես կարեւորեց Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթեւի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը, որը նաեւ համաֆինանսավորվել է պետության կողմից; <Եթե կառավարությունը տեսնում է զբոսաշրջության ներուժի բացահայտման եւ իրացման գործում նախաձեռնություններ մասնավորների կողմից, ապա իր վրա է վերցնում ենթակառուցվածքների կառուցման պատասխանատվությունը»,-հայտարարեց Տ. Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային զբոսաշրջության քարտեզում հայտնվելու համար պետք է կիրառել էլեկտրոնային միջոցների հնարավորությունները: Արդեն իսկ Հայաստանում էլեկտրոնային եղանակով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ ծառայությունների վերաբերյալ:
Այնուհետեւ կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության անունից շնորհակալագրեր ու մեդալներ հանձնվեցին զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչների: Մասնավորապես` ՀՀ վարչապետի շնորհակալագիրը հանձնվեց «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտին, իսկ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալը` «Հելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին է պատկանում Գորիսի հայտնի «Միրհավ» հյուրանոցը:




























