ՀՀ զինված ուժերը ադրբեջանցիների դեմ իրանական անօդաչուներ չեն կիրառել։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական կողմի համապատասխան հրապարակումները։
Նախարարը դա անվանեց Սու-30 ՍՄ-ի հետ կապված ապատեղեկատվության շարունակություն։ Դրանք, իբր, փոխանցվել են մեկ այլ երկրի։
«Սոթքում էսկալացիայի առաջին օրը ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել իրանական արտադրության անօդաչուների կիրառման վերաբերյալ։ Սակայն հաջորդ օրը նա հերքեց ինքն իրեն՝ հայտարարելով, որ ադրբեջանական տարածքում հայկական արտադրության անօդաչուների բեկորներ են հայտնաբերվել։ Արդեն մեկ օր անց այդ անօդաչուները «ֆրանսիական» դարձան։ Հաղորդվում էր, որ դրանք օգտագործվում են ֆրանսիացի հրահանգիչների կողմից: Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ սա Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է։ Դրա վառ ապացույցն են Բաքվում օտարերկրյա ռազմական կցորդի ցուցադրած բեկորները»,-ասաց Պապիկյանը։




























