Դեռևս չկա որևէ բան որոշված. անկլավների թեմային անդրադարձել ենք այն համատեքստում, երբ խոսվեց տարածքային ամբողջականության և քառակուսի կիլոմետրերի մասին: Այդ մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Այո, կան Հայաստանում անկլավներ, որոնցով անցնում են ճանապարհներ՝ ռազմավարական նշանակության, կան գյուղեր, որոնց սահմանակից են անկլավները, և, բնականաբար, դրանց վերաբերյալ քննարկումների ժամանակ պետք է հաշվի առնել ամեն ինչ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ սահմանագծման և սահմանազատման պրոցեսների վերաբերյալ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել:

Ինչ վերաբերում է գործընթացի հիմքում դրվող քարտեզներին, ապա նա նշեց, որ հայկական կողմի համար ընդունելի են եղել 1975 թվականի քարտեզները: «Ըստ էության, բանակցային գործընթացի այս փուլում դեռևս, բնականաբար, վերջնական որոշված չէ, թե բանակցությունների հիմքում ինչ քարտեզ է դրվելու, բայց այս պահին քննարկումը այս քարտեզի շուրջ է գնում, մենք զարգացում կունենանք հետագայում: Նաև ադրբեջանական կողմն ինչ դիրքորոշում կունենա, ես այս պահին կդժվարանամ ասել»,- նշեց նա: