Գյումրիում, այսօր` սեպտեմբերի 30-ին, տարեցների միջազգային օրվան նվիրված սոցիալական ակցիա են կազմակերպել «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպությունն ու մանկավարժական ինստիտուտի սոցիալական աշխատանքի կրթական կենտրոնը:
Միջոցառման շրջանակներում «Հայկական կարիտասը» ներկայացրել է «Տնային խնամք. Զրո աղքատության գործիք» թեմայով լուսանկարների հավաքածուն: Դրանք պատկերել են սոցիալապես անապահով տարեցների սոցիալական պայմանները: Լուսանկարների ցուցահանդեսը կշարունակվի մեկ շաբաթ: Ըստ մասնագետների սոցիալական ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել տարեց եւ միայնակ ծերերի հիմնախնդիրներին՝ կարեւորելով սոցիալական աշխատանքի դերը դրանց լուծման գործընթացում:
Ներկայումս աշխարհի բնակչության գրեթե 10 տոկոսը 60-ն անց է: Փորձագետները կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը այս թիվը կեռապատկվի: Հայաստանի պատկերը փոքր-ինչ տարբերվում է համաշխարհային տվյալներից: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի տարեգրքի դեմոգրաֆիկ տվյալների, Հայաստանի բնակչության 11տոկոսը 60-ն անց է եւ այս թիվը ավելանալու միտում ունի` արտագաղթի պատճառով:




























