Ադրբեջանը շատ ծանր իրավիճակում է, քանի որ մի կողմից պաշտոնական Բաքուն չի կարող անտեսել Թուրքիայի` Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու պահանջը, մյուս կողմից  չի կարող վատացնել հարաբերություններն Իսրայելի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը:

Փորձագետի խոսքով` Թուրքիան գործնականում Ադրբեջանի միակ դաշնակիցն է միջազգային ասպարեզում  եւ ղարաբաղյան խնդրում:  Մյուս կողմից, Իսրայելի հետ հարաբերություններն Ադրբեջանի համար ունեն ռազմատեխնիկական եւ քաղաքական նշանակություն:

«Տվյալ իրավիճակում  Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը երկընտրանքի առջեւ է: Ակնհայտ է, որ Իսրայելի հետ հարաբերությունների խզումը կբերի շատ լուրջ հետեւանքների, այդ թվում` Ադրբեջանի բանակի ռազմատեխնիկական համակարգի համար»,-նշեց Մինասյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մանեւրել, սակայն որքանով է դա հաջողվում` ցույց կտա ժամանակը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ:

«Մենք միշտ պատմության ընթացքում եղել ենք Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի պատճառով արդեն 18 տարի փակ են մեր սահմանները Հայաստանի հետ: Նման դեպքում եղբայրական երկրի խնդիրը պետք է լինի նաեւ Ադրբեջանի խնդիրը: Մեզ հայտնի է ադրբեջանական նավթը Ջեյհանով Իսրայել առաքելու փաստը: Ադրբեջանական կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել: Մենք վստահում ենք Ադրբեջանին»,- ասել է դեսպանը:

Փորձագետները նշում են, որ  եթե այնպիսի զգույշ դիվանագետը, ինչպիսին Քըլըջն է, ասում է, որ Ադրբեջանը պետք է վերանայի հարաբերությունները, նշանակում է, որ տվյալ թեման լրջորեն քննարկվել է Անկարայում: Պաշտոնական Բաքուն կարող է շատ բան կորցնել, եթե կորցնի Անկարայի վստահությունը: