Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցված «Զանգեզուրի միջանցքի» մասին գաղափարը։ Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ալիեւը, ըստ նրա, անձամբ խոստովանել է, որ նկատի չի ունեցել արտատարածքային պահանջները։ «Այնուամենայնիվ, բնական է, որ բանակցային գործընթացի հետագա փուլերում մենք կսկսենք մոտեցնել մեր տեսակետները տերմինաբանական հարցերի շուրջ»,- միաժամանակ նշեց Հովհաննիսյանը։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ միջանցքի խնդիրն իրենց համար կարմիր գիծ է։ «Սա եւս մեկ անգամ հաստատվեց երեկվա հանդիպման ժամանակ»,- ընդգծեց պատգամավորը։