Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացը շարունակվում է։ Ընդհանուր առմամբ այն կարելի է դրական գնահատել։ Մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ փաստաթուղթը փոխընդունելի դրույթներ է պարունակելու։ Միեւնույն ժամանակ, խաղաղության պայմանագիրը պետք է անցնի ներպետական ​​բոլոր ընթացակարգերը, որոնք կտեւեն «ոչ մեկ, ոչ էլ երկու օր»: «Համաձայնագիրը պետք է հաստատվի կառավարության կողմից։ Հետո անցնելու է Սահմանադրական դատարանով։ Այն իր հերթին պետք է ստուգի, թե դրանում ամրագրված պարտավորությունները որքանով են համապատասխանում երկրի Հիմնական օրենքին։  Այնուհետ համաձայնագիրը պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Դրանից հետո նախագահը պետք է ստորագրի վավերացման ակտը։ Ես թվարկեցի բոլոր այն ընթացակարգերը, որոնք ամրագրված են միջազգային եւ տեղական օրենսդրությամբ»,- նշեց պատգամավորը։

Նույն ընթացակարգը, ինչպես նշեց պատագամվորը, պետք է տեղի ունենա նաեւ Ադրբեջանում։ Եվ միայն այդ ամենից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ։