2012 թ. պետական բյուջեի նախագիծը նոր է ներկայացվել, ու հիմնական բանավեճը կենտրոնացել է հարկային եկամուտների պլանի վրա: ՊեԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նույնիսկ չխուսափեց հրապարակավ  հայտարարել, որ հարկային եկամուտների ավելացման պլանը հիմնավորված չէ:

Գրեթե ամեն տարի մենք ականատես ենք լինում բանավեճի նույն ֆորմատին` կառավարությունը շեշտակի ավելացնում է հարկային պլանը, իսկ հարկայինը սկսում է նվնվալ, թե այս ինչ եք անում, այդքան չենք կարող եւ այլն: Հետո պարզվում է` լավ էլ կարող են, ու դեռ ռեզերվները չեն սպառված:

Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի` 2011 թ. սպասվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 16.8 տոկոս, իսկ 2012 թ. այդ հարաբերակցությունը պետք է բարելավվի միանգամից 0.6 տոկոսով`հասնելով 17.4 տոկոսի: Այս բարելավումը վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց որպես լուրջ եւ աննախադեպ նպատակադրում: Բայց իրո՞ք դա այդքան լուրջ է: Գոյություն ունի 2011-13 թթ. միջինժամկետ ծախսերի ծրագիր, որտեղ սեւը սպիտակի վրա նշված է, թե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թ. պետք է լիներ 18.2 տոկոս, իսկ 2012 թ.` 18.7 տոկոս: Այսինքն` մենք հետ ենք մնում միջինժամկետ ծրագրերի թիրախներից, այն էլ` զգալիորեն:

Ըստ փորձագիտական գնահատականների` հարկային էլաստիկությունը ցածր է 0-ից (այսինքն` հարկային եկամուտները ավելի քիչ են աճում, քան տնտեսական աճն է), իսկ դա բոլորից շատ պետք է անհանգստացնի կառավարությանը:

Ըստ վարչապետի` հարկային պլանը 2012 թ. ավելացվելու է 100 մլրդ դրամով, որից 40-50 մլրդ դրամը բաժին է ընկնում դեֆլյատորին (գների փոփոխությանը), 10-15 մլր դրամ` հարկային վարչարարությանը, մնացածը` հարկային բազայի ընդլայնմանը:

Ի՞նչ են նշանակում այս թվերը: Նշանակում է, որ եթե պետեկամուտների կոմիտեն ոչ մի նոր բան էլ չանի` միայն գների հաշվին հարկերը պետք է ավելանան 40-50 մլրդ դրամով:

Հարկային վարչարարության հաշվին լրացուցիչ 10-15 մլրդ դրամը եւս առանձնապես մեծ բան չէ, սակայն կարող է լրջորեն վնասել հարկային տեսուչների ու նրանց հովանավորչությունը վայելող գործարարների գրպանին:

Առավել անհանգստացնում է հարկային բազան ընդլայնելու ծրագիրը: Ըստ Տ. Սարգսյանի` պետք է հարկային դաշտ բերել այն ոլորտները, որոնք այս կամ այն պատճառով դուրս են հարկումից: Բայց առաջին հերթին դա վերաբերելու է գյուղատնտեսությանը, երկրորդ հերթին` փոքր բիզնեսին, որին մեծ դժվարություններով հաջողվեց 2011 թ. ավելացված արժեքի հարկի արտոնություն ստանալ: Հիմա ի՞նչ` կառավարությունը հե՞տ է վերցնելու այդ արտոնությունը: Հարցերն այստեղ բազմաթիվ են ու լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն:

 

Սամվել Ավագյան