Ալիեւը 5 մլրդ դոլար էր առաջարկում (Սերժ Սարգսյանի ժամանակ-խմբ.) 7 շրջանների դիմաց։ Նա Արցախի մասին չէր էլ խոսում, որովհետեւ հոգու խորքում գիտակցում էր, որ Արցախն իրենը չի լինելու, այլապես կարող էր եւ՛ 10, եւ՛ 20 մլրդ դոլար առաջարկել, բայց արդեն Արցախի դիմաց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը երեկ Ալիեւի հետ լեզվակռվի ժամանակ փորձեց ներքին լսարանին ցույց տալ, թե, իբր, ինքը կատաղի կերպով պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ոչ մի միջանցք Ադրբեջանին չի տալու։

«Մենք ամիսներ առաջ ասել ենք, որ քանի որ միջանցք տերմինի սահմանում չկա, կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ հասկացությունը մեկնաբանել իր հայեցողությամբ։ Փաստն այն է, որ Փաշինյանը համաձայնել է տեղաշարժի իրավունք տալ, մինչդեռ Ադրբեջանը Հայաստանից Արցախ ազատ տեղաշարժի հնարավորություն չի տվել։ Ալիեւն ուզում էր ցույց տալ, որ կարեւորն այն է, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են»,-նշեց  պատգամավորը։

Խաչատրյանը կարծում է, որ մոսկովյան եւ վաշինգտոնյան հանդիպումները ձախողվել են՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում կայացած բանակցությունների արդյունքներով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ որեւէ էական բանի հասնել չի հաջողվել:

«Իսկ Բրյուսելում Փաշինյանը, հավանաբար, տվել է այն, ինչ Ալիեւն էր ուզում, իսկ նա ուզում էր, որ Փաշինյանն արտաբերի «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» արտահայտությունը»,-նշեց նա։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունը շարունակում է անվերջանալի զիջումների շղթան եւ ոչինչ չի անում, որպեսզի հասնի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը նույն Ջերմուկի տարածքից:

«Բանակցություններից ոչ մի լավ բան սպասել պետք չէ, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, եթե բանակցողը չի գործում ազգային շահերից ելնելով։ Այս մարդը հանձնում է ամեն ինչ: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որեւէ առաջընթաց եղե՞լ է։ Ինչ-որ մեկը 30 տարվա ընթացքում գոնե մի թիզ հող խնդրե՞լ է Հայաստանից։ Իսկ հիմա մնացել է 29 800 քառ. կմ-ից պակաս։ Փաշինյանն ինքն է ստանձնել Արցախի հարցերը լուծելու պարտականությունները եւ ձախողել է ամեն ինչ։ Եթե նախկիններն էին մեղավոր, ապա ինչո՞ւ ես քիթդ խոթել, եթե չես կարող»,-եզրափակեց պատգամավորը։