Միջանցք հասկացողությունը աշխարհում ընդունված տարբերակ է, եւ երբ խոսում են հյուսիս-հարավ միջանցք, արեւելք-արեւմուտք միջանցք, միջանցքի տակ հասկանում են հենց այդպիսի միջանցք, բայց քանի որ Փաշինյանը փորձում է հերոսական կարգավիճակով հանդես գալ, եւ ցույց տալ, որ հանձնում է Արցախը, որ պաշտպանի Սյունիքը, ծիծաղի առարկա է դարձել բոլորի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայի հանդիպման ժամանակ Ալիեւի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում կա ռուսների համաձայնությունը, ինչին հակադրվեց Փաշինյանը:

«Բնականաբար, Ալիեւը չի հայտարարում, որ սա իմ տարածքն է: Սովորաբար տարածքները վերափոխվում են քաղաքական տրամաբանության արդյունքում: Եթե Փաշինյանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին եւ հայ հասարակությունը լուռ հետեւելու է դրան, ապա վաղը ոչ ոք թող չզարմանա, որ «Զանգեզուրի միջանցք» հասկացողությունը կդառնա իրականություն, եւ ոչ մեկը չի կարող դրան հակադրվել: Նույնիսկ Իրանը իրեն արդեն այլ կերպ կպահի, որովհետեւ այսպիսի երկրի ու ժողովրդի հետ ոչ ոք չի ուզենա դաշնակցային հարաբերությունների մեջ մտնել»,-ասաց նա:

Բողոյանի խոսքով, եթե Հայաստանում տեղի ունենա մեծ ընդվզում եւ իշխանափոխություն, ապա Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը կմնա օդում կախված. «Եթե Արցախը Ադրբեջանի կազմում մնալու պրոցեսը գնաց, իսկ այդ դեպքում Արցախը վերանալու է, դատարկվելու է, ապա Ռուսաստանը զրկվելու է Ադրբեջանի նկատմամբ լծակներից: Այդ դեպքում Ադրբեջանի կարգավիճակը կտրուկ փոխվելու է եւ նրա հետ հաշվի են նստելու եւ ռուսները, եւ իրանցիները, եւ մյուսները: Դրանից հետո հաջորդ պահանջը լինելու է արդեն Զանգեզուրի հետ կապված, ադրբեջանցիներին Հայաստան բերելու հետ կապված: Դա լինելու է տրամաբանական ու արդարացի, որովհետեւ այսպիսի ժողովրդի հետ ոչ ոք հաշվի չի նստի»,-ընդգծեց նա: