Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան (ÇHD) դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին այն հավելվածի օգտագործման համար, որը պարունակում է մասնավոր անձանց անհատական տվյալների պատմությունը, տեղեկացրել է Bianet-ը։
Ստամբուլի Գլխավոր դատախազություն ներկայացված հայտարարությունում ասոցիացիան պահանջել է հետաքննություն անցկացնել նախարարի հանդեպ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 137/1 հոդվածով եւ նրան ձերբակալելու օրդեր տալ։
ÇHD-ն նշել է, որ Սոյլուն հավելվածն օգտագործել է անհատական տվյալների գրանցման, մշակման եւ փոխանցման համար ոչ պաշտոնական եւ կամավոր կերպով։
KİM (թարգմանաբար՝ ով) անվանմամբ հավելվածը հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սոյլուն մարդու անձնական տեղեկատվության հասանելիություն է ստացել՝ նրան լուսանկարելով յութուբյան տեսահոլովակի դիտման ժամանակ։
«Ի՞նչ կա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հեռախոսում (Togg tour)» տեսահոլովակում, որը հրապարակվել է մայիսի 6-ին ShiftDelete.Net ալիքում, ալիքի հիմնադիր Հաքի Ալքանը ուսումնասիրել է հավելվածները, որոնք տեղադրված են եղել Սոյլուի անձնական հեռախոսում։
Հաքի Ալքանի լուսանկարը ներբեռնելով «KİM» հավելվածում՝ Սոյլուն կարողացել է հաշված վայրկյաններում նույնականացնել Ալքանի անձը, ներառյալ մի քանի անձնական տվյալներ։
Սոյլուն նաեւ հայտարարել է, որ ուսումնասիրել է կնոջ տվյալները՝ լուսանկարելով նրան հեռուստաստուդիայում եւ իմանալով նրա անունը այդ ծրագրի օգնությամբ։
Ասոցիացիան ընդգծել է, որ պետական մարմնները սովորաբար անհատական տվյալները մշակում են այնպիսի պատճառներով, ինչպիսին են հանրային կարգն ու հանրային անվտանգությունը, սակայն դա չի արդարացնում տվյալների մշակումն առանց սահմանափակումներին հետեւելու, որոնք նախատեսված են միջազգային պայմանագրերով, սահմանադրական դրույթներով եւ իրավական նորմերով։





























