«Մայր Հայաստան» հասարակական շարժումը կփորձի հասնել իշխանափոխության եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Այս մասին  մայիսի 30-ին, մամուլի ասուլիսում, ասել է շարժման համակարգող, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ շարժումը կփորձի հասնել գործող վարչակազմի հեռանալուն, քանի որ դրա գոյությունն իշխանությունում էքզիստենցիալ սպառնալիք է երկրի համար։ Իշխանության հեռանալուց հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում կիրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ որպեսզի երաշխավորվի ընտրությունների թափանցիկությունը, ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին։

Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ իրավիճակն Արցախի շուրջ էքզիստենցիալ սպառնալիք է ստեղծում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար, իսկ Բերձորի միջանցքի հանձնումից հետո գործընթացներն ակնհայտ են դարձել։ Պրահայի պայմանավորվածությունը (տարածքային ամբողջականության ճանաչման մասին- խմբ.) ներկա գործընթացների ճանապարհ է բացել։ Աղաջանյանի գնահատմամբ՝ վարչապեի քաղաքականության արդյունքն է դարձել Բաքվի եւ Անկարայի՝ հայոց ցեղասպանության երկրորդ փուլի նախաձեռնությունը, ինչին նպաստում են որոշ արեւմտյան կենտրոններ՝ գիտակցված, թե ոչ, չնայած նրանց նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից վտարելն է եւ Իրանի դերի նվազեցումը։ «Հայաստանը կարող է դառնալ նոր պատերազմի թատերաբեմ, շահերի բախման կենտրոն։ Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը, ապահովել Արցախի՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը»,- ընդգծել է նա։

Իրավիճակը վերջին 5 տարիներին դեսպանը բաժանել է 3 փուլի՝ մինչեւ 2020թ., 2020թ. հետո եւ 2022թ. հետո։ Հենց սեպտեմբերյան իրադարձություններից հետո ժողովրդի աչքերն սկսեցին բացվել, կարծում է Աղաջանյանը։ Նա նաեւ նշել է իշխանությունների՝ մարդկանց տարրական հավելավճարներով ու բարձր աշխատավարձերով կաշառելու փորձերը։ «Ժողովրդի ցասումը կա, բայց տարիների ընթացքում ձեւավորվել է անվստահություն կուսակցությունների եւ կուսակցական պայքարի հանդեպ, ինչը դիտարկվում է որպես իշխանության հասնելու ձգտում։ Հենց այդ պատճառով նորաստեղծ շարժումն ընդգծում է, որ իշխանության չի ձգտում։ Անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդին, որպեսզի թույլ չտրվի որեւէ փաստաթղթի ստորագրում, որովհետեւ այն դամոկլյան սրի պես կկախվի երկրի վրա»,- նախազգուշացրել է Աղաջանյանը։

Նախաձեռնող խմբի անդամ Նաիրա Մելիքյանն ընդգծել է, որ իշխանությունների խոսակցությունները խաղաղության մասին դատարկ բաներ են։ «Չկա խաղաղություն, կա նվաստացում եւ սողացող պատերազմ, բազմաթիվ զոհեր, ոչնչացվում է գենոֆոնդը»,- թվարկել է Մելիքյանը։ Նա դիմել է ժողովրդին եւ կոչ արել տեսնել, որ խաղաղություն չկա. սեպտեմբերյան իրադարձությունները, իրադարձությունները Տեղ գյուղի մոտ, երկու օր առաջ զինվորների առեւանգումները դիվերսիայի հետեւանքով, ընդ որում՝ վերջինը կազմակերպվել է Ալիեւ-Փաշինյան տանդեմի կողմից, որպեսզի նրանց զինվորներին տա։ «Մեր երեխաներին օգտագործում են որպես թնդանոթի միս, սերմանվում են դեպրեսիվ վիճակ, վախ։ Անկումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը սեփական տունը կարգի բերելն է, բանակը վերակազմակերպելը, եւ երկրի ներսում  համախմբված լինելով կարելի է հասնել այն բանին, որ մեզ դրսում լսեն»,- ընդգծել է նա՝ կոչ անելով զինվորների ծնողներին միանալ շարժմանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադարձել է ակունքներին, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ 2018թ.։ Նրա խոսքով՝ հասարակությունը համարում էր, որ կար անարդարություն, դա ստեղծում էր ջրբաժան իշխանության եւ հասարակության միջեւ։ Կար անվստահություն ընտրությունների հանդեպ։ Դա հանգեցրեց այն բանին, որ որոշ մարդիկ, գուցե կատարելով դրսի պատվերը, հասան այն բանին, որ գլխավորեցին արդարության պահանջը, եւ դա հանգեցրեց հայտնի իրադարձություններին։ Անհրաժեշտ է հաղթահարել ատելության մթնոլորտը ներսում, դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե լինի արդար զարգացման ընկալում յուրաքանչյուրի համաև, միայն այդպես կարելի կլինի դիմակայել ներքին սպառնալիքներին։ Թող որ երկար ու բարդ, արձանագրել է Դանիելյանը։ Շարժման մեջ չկան կոռուպցիոներներ, ոչ ոք որեւէ պաշտոն չի զբաղեցրել, բացի դեսպան Աղաջանյանից եւ պատգամավոր Թեւանյանից, բայց նրանց աշխատանքում անգամ կոռուպցիոն ռիսկեր չեն եղել, ասել է Դանիելյանը՝ ավելացնելով, որ շարժումը միավորում է մարդկանց՝ անկախ հայացքներից եւ կուսակցություններից, մեկ նպատակով. ասել, որ այսպես շարունակվել այլեւս չի կարող։ «Եվ հասնել նպատակի կարող ենք միայն միասին, մեզ բոլորիս վերաբերող մեկ խնդրի լուծման համար՝ վերջ տալ նվաստացմանը, խայտառակությանը, որպեսզի մեր ազգը չամաչի»,- ասել է Դանիելյանը։ Ինչ վերաբերում է շարժման ղեկավարի կարեւոր հարցին, ապա այժմ բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ կարգով, եւ շարժումը հույս ունի, որ դրանք կընդունվեն ժողովրդի հետ միասին, իսկ ապագա առաջնորդը կհայտնվի գործընթացում։ Չի՞ ուշանում արդյոք շարժումը հարցադրումը Դանիելյանը ճիշտ չի համարում։ Նա ընդգծել է, որ սպառնալիքը կախվել է ամբողջ երկրի վրա, նրա յուրաքանչյուր քաղաքացու վրա։

Շարժման մասնակից Մանուկ Սուքիասյանն անդրադարձել է իշխանությունների կողմից իրենց խոստումների կատարմանը կոռուպցիայի վերաբերյալ, եւ թե իրականում ինչ է ստացվել դրանից։ «Երբ կալանավորում կամ ձերբակալում էին, գործերը երկար էին տեւում, հետո դադարեցվում էին տարիներ անց։ Փոխարենը հայտնի դարձավ անանուն նվիրատուների կողմից  ինչ-որ ֆոնդերի խոշոր գումարների փոխանցման մասին։ Զուգահեռաբար, կրճատվում են երկրի տարածքները, արձանագրվում է թմրամոլության աճ։ Մղձավանջային երազում նման բան չես տեսնի, ինչպես վերջին թմրասկանդալը։ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ երկու տարի անց հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է։ Ասում է մի բան, անում ուրիշ բան։ Խոսում է խաղաղության մասին, բայց դա բնավ չի նշանակում, թե խաղաղություն կլինի։ Խաղաղությունը բանակն է, սպառազինությունը, լավ հարաբերությունները գործընկերների հետ»,- հիշեցրել է Սուքիասյանը։

Թեւանյանը կրկին հատկապես ընդգծել է, որ շարժումն իշխանության չի հավակնում, բայց ստեղծվել է իշխանափոխության նպատակով եւ որպեսզի թույլ չտա հայկական կողմի համար վտանգավոր փաստաթղթերի ստորագրում։ Համաձայնելով Աղաջանյանի հետ՝ նա եւս պատմության վերջին փուլը բաժանել է 3 մասի՝ 2018-20-ական թթ՝ էյֆորիայի շրջան, 2020-ից հետո՝ շոկի եւ վախի շրջան, երբ իշխանությունները վախեցնում էին նոր պատերազմով եւ անբարո ստում էին, որ Արցախը հանձնելով կարող են փրկել Հայաստանը։ 2022թ. սեպտեմբերից հետո սկսվեց ապատիայի եւ հուսահատության շրջանը։ «Այժմ, երբ շատերն են գիտակցել, որ վճռվում է անգամ ոչ թե Արցախի հարցը, այլ Փաշինյան-Ալիեւ տանդեմը տանում է Հայաստանի կորստի, սկսվում է ինքնապահպանման եւ ինքնապաշտպանության շրջանը։ Մենք դատապարտված ենք հաղթանակի։ Իշխանություններն սկսել են մեր երկրի գոյության հետհաշվարկը։ Մենք պետք է կանգնեցնենք այն»,- ընդգծել է Թեւանյանը։

Նրա գնահատմամբ՝ ժամանակը տրված է մինչեւ հոկտեմբեր։ Շարժմանն անդամակցության մանրամասները եւ գործողությունները կներկայացվեն։