Թուրքիայում Չակ Փալանիկի «Սնաֆֆ» վեպի թարգմանչին եւ հրատարակչին  մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում: Ինչպես հաղորդում է The Hurriet Daily News-ը,  երկուսն էլ  կկանգնեն դատարանի առջեւ` «անպարկեշտ նյութի» հրատարակման համար:

Փալանիկի վեպը, որը Թուրքիայում հրատարակվել է «Մահացու պոռնո»  (Death Porn) անվանումով, հակասական արձագանք է առաջացրել, իսկ հրատարակչության դեմ դատական պրոցես է սկսվել: Նիստերից մեկում դատախազը հայտարարել է, որ Փալանիկի ստեղծագործությունն անհամատեղելի է թուրքական հասարակության արժեքների հետ` նշելով, որ տարբեր երկրներում էթիկ եւ բարոյական նորմերը տարբեր են:

Դատախազի խոսքով` ողջ վեպում առկա են սեքսուալ տեսարանների նկարագրություններ: Մեղադրողները նաեւ ընդգծում են, որ Թուրքիայում գիրքը լույս է տեսել առանց  շապիկի վրա տարիքային սահմանափակման նշման, այդ իսկ պատճառով այն կարող են ձեռք բերել նաեւ անչափահաս ընթերցողները:

Վեպի հրատարակիչ Գասան Բասրի Չիփլակը (Hasan Basri Ciplak) մերժել է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա նշել է, թե պարզապես ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհահռչակ հեղինակին:

Սեպտեմբերի սկզբին Չակ Փալանիկը, ով հարցազրույց էր տվել The Guardian-ին,  տեղեկացել էր, որ Թուրքիայում իրեն ընդգրկել են «կասկածելի հեղինակների»   ցանկում, որում տեղ են գտել նաեւ Ֆիլիպ Ռոտը եւ Մարկիզ դե Սադը: «Ես չգիտեի, շնորհակալություն: Իմ առաջին արձագանքը` դե, գրողը տանի, մոտ ժամանակներս  այնտեղ չեմ գնա»,- նշել էր ամերիկացին, փոխանցում է Lenta.ru-ն: