Առաջիկա երեք օրերին Երեւանում առանց տեղումների եղանակ է սպասվում, մայրաքաղաքում կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ հոկտեմբերի 3-ին`օրվա երկրորդ կեսին, կդիտվի ամպամածության ավելացում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ առաջիկա երկու օրերին հանրապետությունում ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում: «Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված կլինի հիմնականում անտիցիկլոնային դաշտով, բացառությամբ հոկտեմբերի 3-ի ցերեկվա: Հոկտեմբերի 2, 3-ի գիշերը եւ 4-ին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում հնարավոր են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ, քամու ուժգնացում»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Ի դեպ, հոկտեմբերի 1-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, օդի ջերմաստիճանը նվազել է 2-4 աստիճանով, ինչի արդյունքում ծովի մակերեւույթից 2500 մետրից բարձր գտնվող գոտիներում տեղացել է ձյուն, իսկ մեր հանրապետության բնակավայրերում ոչ մի կետում ձյուն չի տեղացել: Նշենք, որ այսօր գիշերը արկտիկական ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Հիշեցնենք, որ Երեւանում ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների շարք է սկսել եւ այս գիշեր Ազատության հրապարակում գիշերողները մնացել են անձրեւի տակ:




























