Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն` այսօր հոկտեմբերի 1-ին, ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած Artsakh Expo-2011 երկրորդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո մասնակցել է Bridge Artsakh-2011 երրորդ տնտեսական համաժողովի նիստին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ողջույնի խոսքում նախագահը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում, ամեն մի քայլ, որը կնպաստի գործարար կյանքի աշխուժացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից են ինչպես համայն հայության ջանքերի ու ներուժի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ:
Երկրի ղեկավարը համաժողովում քննարկվելիք թեմաները որակել է հրատապ ու արդիական, որոնք պարունակում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























