Հայաստանի կառավարությանը հաջողվում է ամբողջությամբ կատարել բյուջեի եկամուտային մասը` հարկային հավաքագրումները եւ ծրագրված եկամուտների մուտքերի ապահովման արդյունքում, կրճատվել է բյուջեի դեֆիցիտը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ստեփանակերտում մեկնարկած «Բրիջ Արցախ 2011» երրորդ տնտեսական համաժողովում:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսքում նաեւ նշել է. «Նախատեսված 4,6 տոկոսանոց տնտեսական աճը եւս պահպանվում է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների` այս պահի դրությամբ մենք գտնվում ենք այդ ցուցանիշի շրջանակում, իսկ այս տարին տարին պետք է ավարտենք 5 տոկոսանոց գնաճային ցուցանիշով, որը նախորդ տարվա 10 տոկոսանոց գնաճային սանդղակի համեմատ էապես կնվազեցնի գնաճային ճնշումները»:
Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը թիրախավորել է տնտեսական ավելի զգուշավոր ցուցանիշներ` ծրագրելով 4-4,2 տոկոսանոց տնտեսական աճ, 4 տոկոսանոց գնաճային ցուցանիշ: «Գիտակցաբար գնում ենք բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը` հաջորդ տարվա համար ծրագրելով 3,1 տոկոս: Սա լուրջ խնդիր է դնում կառավարության առջեւ եւ մենք էական ուշադրություն պետք է դարձնենք սեփական եկամուտների հավաքագրման վրա: Սա պարտադրում է մեզ` 2012 թ.-ին բյուջեի մուտքերում հարկային եւ սոցիալական վճարներն ավելացնել 101 մլրդ դրամով: Սրա արդյունքում կկարողանանք նաեւ իրականացնել լրացուցիչ սոցիալական ծախսեր: Նախատեսվում է 10 տոկոսով ավելացնել թոշակներն ու սոցիալական նպաստները, ինչպես նաեւ ավելացնել քաղծառայողների եկամուտները»:




























