«Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի Բաքուն Թուրքիայի դեսպանի հայտարարությանը: Միայն կարող եմ ասել, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ հռչակված բարեկամության համապատկերում բարդ խաղ է տեղի ունենում»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը `մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի` Բաքվի եւ Իսրայելի հարաբերություններին վերաբերող հայտարարությունը: Ըստ դեսպանի` ինչպես  Թուրքիան է օգնում Ադրբեջանին ղարաբաղյան խնդրում, այնպես էլ եղբայրական Ադրբեջանը պետք է աջակցի Թուրքիային:

Ռուսաստանցի փորձագետի խոսքով` սա նման խաղի առաջին էպիզոդը չէ, երբ հրապարակավ շեշատադրվում են այս կամ այն խնդրի մոտեցման տարբեր ներբերանգները:  Հիմա Անկարան իսկապես  դաշնակից, աջակցություն է փնտրում իր հակաիսրայելական դիրքորոշման հարցում: «Թե որքանով նա կկարողանա տեղաշարժել Ադրբեջանին, դժվար է ասել,  քանի որ Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական  շատ լավ փաթեթ ունի: Միաժամանակ, Ադրբեջանը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ երբեք չի հրաժարվել առնվազն հռչակագրային աջակցությունից: Այնպես որ, ինձ թվում է Բաքուն կհավասարակշռի եւ չի ձգտի փչացնել հարաբերությունները ոչ Անկարայի, ոչ Թել Ավիվի հետ` հասկանալով, թե  դա ինչի կարող է հանգեցնել: Սակայն եթե պատկերացնենք ծայրահեղ տարբերակը, ապա ինձ թվում է, որ առճակատման դեպքում Բաքում իր նախապատվությունը կտա Թուրքիային»,-կարծում է փորձագետը: