Վարշավայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված հռչակագրում նշվում է լիակատար հավասարության  եւ հակամարտությունների խաղաղ կագավորման մասին, ինչը դրական է` հաշվի առնելով ղարաբաղյան համակարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով` չնայած այն բանին, որ փաստաթղթում շատ քիչ է կոնկրետությունը  եւ փաստթուղթն ինքը դեկլարատիվ բնույթ ունի, սակայն ԵՄ երկրների նման հայտարարությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան դրական: Քաղաքագետը նաեւ դրական գնահատեց փաստը, որ հռչակագրում նշվում է ԵՄ դերի ավելացման կարեւորությունը հակամարտությունների կարգավորման գործում. «Այս հայտարարությունը եւս կարելի է դրական գնահատել: Խնդիրը սակայն այն է, որ մշակված չէ հակամարտությունների կարգավորման միասնական գիծ»:

Սկակովի խոսքով` քանի դեռ ԵՄ-ն հակամարտությունների նկատմամբ միասնական գիծ չի մշակել, նման հայտարարությունները կարելի է մերկապարանոց համարել: Բայց դրականն այն է, որ հռչակագրում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակում, ինչը նշանակում է աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Սակայն եթե հաշվի առնենք փաստը, որ ԵՄ գագաթնաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, ապա այդ հանգամանքը կարող է խոչընդոտել հակամարտությունների կարգավորման միասնական քաղաքականության մշակմանը»,-նկատեց Սկակովը:

Հիշեցնենք, որ  Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ողջունել էին ԵՄ-ի դերը հակամարտությունների լուծման գործում, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների հարցում, այդ թվում` այն տեղերում գտնվելը, որտեղ այդ ներկայությունն անհրաժեշտ է: Այդ մասին ասված է համատեղ հռչակագրում, որը ընդունվել է սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում:

Իրենց հայտարարություններում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարները ամբողջությամբ հաստատել են իրենց պարտակությունները իրակացնելու սկզբունքները, որոնք ընդունվել են Պրահայում:Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են նաեւ իրենց հատուկ ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով` շեշտելով Վրաստանում ԵՄ-ի մոնիթարինգային առաքելության ներկայության կարեւորությունը:

«Կողմերը ձգտելու են սերտ երկխոսության եւ համագործակցության միջազգային անվտանգության հարցերով, այդ թվում` քաղաքացիական եւ ռազմական օպերացիաներում` ԵՄ ղեկավարության ներքո գործընկերների մասնակցության նպատակով: ԵՄ-ի եւ գոծընկեր-երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծերը եւ ԵՄ-ի` օգնության ծրագրերը ուղղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ վստահության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ: