Առաջիկայում հայկական սփյուռքի խոշոր կենտրոններում հանձնակատարներ կնշանակվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրանք, ըստ պաշտոնյայի, համակարգելու են հայկական համայնքների կապը Հայրենիքի հետ։
«Նման ինստիտուտի ձեւավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն առաջարկվել են դեռեւս 2021 թվականին։ Սակայն անցած տարվա ընթացքում ոչ մի հանձնակատար չի նշանակվել։ Սփյուռքում կարեւոր էր հասկանալ, թե կոնկրետ ինչ պարտականություններ են ունենալու այդ մարդիկ»,-նշեց Սինանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն ընտրվել են մի քանի թեկնածուներ: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կնշանակվի նրանցից առաջինը։




























