Երեւանի Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի ժամը 18:30-ին մեկնարկած հանրահավաքի ելույթների ժամանակ, ոստիկանները բարձրախոսով անընդհատ հայտարարում են, որ ՀԱԿ-ի ակցիան անօրինական է, դրանով խանգարելով նրանց ելույթները:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այդ առնչությամբ, դիմելով ոստիկաններին ասաց. «Բա ինչու չէիք մարտի 1-ին ասում, որ ապօրինի կրակում էին ժողովրդի վրա: Մուբարաքի ոստիկաններն էլ էին գնում-գալիս հայտարարում, բայց վերջում միացան ժողովրդին: Իրենք էլ են միանալու: Որովհետեւ իրենք էլ են հասկանում, թե ինչ է կատարվում»:
«Ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ, որ հաղթելու ենք:
Իրենք ամեն ինչ անում են, որ այս հրապարակում քիչ մարդ լինի: Որ ասեն, թե Կոնգրեսը պրծավ: Կոնգրեսը չի պրծնելու, կոնգրեսը իշխանության է գալու:
Էս երկրում ազատ, օրենքով ու Սահմանադրությամբ մենք պիտի պայքարենք, ամեն օր, ամեն ժամ, որովհետեւ մեր պայքարն արդար է»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշելով. «Էդ տղեն (նկատի ունի Ռ. Քոչարյանին-NEWS.am) ասել էր, թե ժողովրդի մոտ ինչ-որ իր վերադարձի պահանջ կա: Էս գյուղում ապրող տղա եմ, պահածոներ փակելու սեզոն է: Գիտեմ ինչի պահանջ կա, ձեթի պահանջ կա, «լավրովի լիստի» պահանջ կա, բան-ման են փակում, բայց Ռոբերտի պահանջ չկա»:




























