Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը կարող են Լիբիայում գործողությունների դադարեցումն սկսել հաջորդ շաբաթվանից, հայտարարել է Աֆրիկայում ԱՄՆ Զինված ուժերի միավորված հրամանատարության ղեկավար, գեներալ Կարտեր Հեմը Associated Press գործակալությանը:

Գեներալի կարծիքով` ՆԱՏՕ-ն գործնականորեն ավարտել է ռազմական գործողությունները Լիբիայում, չնայած որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մինչ օրս թաքնվում է, իսկ Սիրտ եւ Բենի Վալիդ քաղաքները գտնվում են նրա կողմնակիցների վերահսկողության ներքո:

Գեներալ Հեմը նշել է, որ հաջորդ շաբաթվա վերջին ամերիկացի զինվորականները Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարությանը կներկայացնեն Լիբիայում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականը: Այդ հանդիպման ընթացքում էլ որոշում կկայացվի գործողությունների դադարեցման մասին:

Նշենք, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունը սեպտեմբերի 21-ին 90 օրով երկարաձգվել էր: Սակայն դաշինքի ղեկավարությունն իրեն էր վերապահել որոշման վերանայման իրավունքը, հաղորդում է «Իզվեստիան»: