Իսրայելն ընդունել է միջազգային միջնորդների` պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները շարունակելու կոչը եւ նախագահ Մահմուդ Աբասին էլ կոչ է արել նույն կերպ վարվել` ՄԱԿ-ում պաղեստինյան պետության ճանաչումը հետապնդելու փոխարեն, հաղորդում է Reutrs-ը:

«Իսրայելը ողջունում է «Քառյակի» կոչը` կողմերի միջեւ առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Իսրայելը պաղեստինյան կողմին կոչ է անում նույն կերպ վարվել եւ անհապաղ ձեռնամուխ լինել ուղիղ բանակցություններին»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Պաղեստինյան կողմից  առայժմ ոչ մի պաշտոնական պատասխան չի եղել:

Հիշեցնենք, որ «Քառյակը»`ԱՄՆ, Ռուսաստանը, Եվրամիությունն ու ՄԱԿ-ը, Մահմուդ Աբասի` ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հայտին ի պատասխան կոչ էին արել կողմերին վերսկսել բանակցությունները մեկ ամսվա ընթացքում:

Պաղեստինյան առաջնորդը հայտարարել էր, որ Իսրայելի հետ բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել բնակավայրերի կառուցումը գրավյալ տարածքներում, որոնք պաղեստինցիները ցանկանում են ընդգրկել ապագա պետության կազմում, այդ թվում` Գազայի հատվածը եւ Արեւելյան Երուսաղեմը` որպես մայրաքաղաք: