Մինչեւ տարեվերջ վրացական գինին եւ հանքային ջուրը կարող են վերադառնալ ռուսաստանյան շուկա,  ըստ «Ինտերֆաքս»  գործակալության` հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

Այդպիսին են եղել օրերս Ռոսպոտրեբնադզորում կայացած Վրաստանի գինի արտադրողների հետ հանդիպման արդյունքները: Հանդիպումը, ըստ Օնիշչենկոյի, կայացել է վրացական գործարարների նախաձեռնությամբ:  Ճշգրտվել են  ռուսական շուկա վրացական արտադրանքի վերադարձի համար բոլոր անհրաժեշտ պարամետրերը: «Բնականաբար, գլխավոր պայմանը արտադրանքի որակի ապահովմանը վերաբերող ռուսաստանյան օրենսդրության անվերապահ պահպանումն է»,-ասել է Օնիշչենկոն:

Վրաստանից Ռուսաստան գինու եւ հանքային ջրերի առաքման նկատմամբ ռուսական կողմից արգելք էր սահմանվել 2006 թ-ին., որի պաշտոնական պատճառը արտադրանքի որակի անբավարարությունն էր: