Հաշվի առնելով Արեւմուտքում տարբեր մակարդակի բանակցությունների եւ հանդիպումների ինտենսիվությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կրկին կհանդիպեն ԱՄՆ-ում։ Արեւմուտքը բավական եռանդուն քայլեր եւ ջանքեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը իր վրա վերցնելու համար։Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։

Նա վստահ է, որ չնայած որոշ հայ քաղաքական գործիչների հույսերին՝ հայկական կողմի համար ոչ մի արտոնություն արեւմտյան միջնորդությունը չի բերում։

«Իր կողմից, Մոսկվան անում է այն, ինչ կարող է անել քաղաքական-դիվանագիտական ուղու վրա՝ հաշվի առնելով այն ոչ միանշանակ իրավիճակը, որը ստեղծվում է հետխորհրդային տարածքում»,-հավելեց Արեշեւը:

Քիշնեւյան հանդիպումից կոնկրետությունը, նրա կարծիքով, առայժմ բավարար չէ։

«Հանդիպումը, որքանով կարելի է դատել, ոչ ֆորմալ բնույթ է կրել, տեւել է մոտ 1,5 ժամ։ Որոշակի փուլում դրան միացել են Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները։ Գործնական մասից կարելի է առանձնացնել հաջորդ հանդիպման հայտարարված ճշգրիտ ամսաթիվը՝ հուլիսի 21-ը, եւ վայրը՝ Բրյուսել»,-նշեց նա։

Սա, փորձագետի գնահատմամբ, վկայում է բանակցային գործընթացի ինտենսիվ բնույթի մասին։

Արեշեւը եզրակացրեց, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացն առաջ է ընթանում՝ չնայած պարբերաբար առաջացող խոչընդոտներին:

«Այսօր Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որը հայտարարվել էր Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի վերջին հանդիպման ժամանակ։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մեծամասամբ տեղափոխվել է արեւմտյան հարթակ, Իսկ Ռուսաստանում ավելի շատ քննարկվում են գործնական հարցեր, մասնավորապես ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Սա ավելի շատ վերաբերում է ոչ թե քաղաքականությանը, այլ տնտեսությանը:

Հնարավոր կարգավորման հնարավոր տնտեսական եւ քաղաքական ասպեկտները կարող էին քննարկվել նաեւ բրյուսելյան հարթակում, քանի որ այդ հարցերը սերտորեն կապակցված են։ Բայց կարծում եմ, որ Մոսկվայի համար կարեւոր է հետեւել գործընթացին այնքանով, որքանով դա հնարավոր է, որպեսզի այն չընդունի անկանխատեսելի բնույթ»,-ընդգծեց քաղաքագետը։